ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում վստահեցրել է, որ Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ վստահությունը շարունակում է աճել։
Նրա խոսքով՝ դրա վկայությունն են երկրի բարձր տեխնոլոգիական հատվածում վերջին տարիներին կատարված ներդրումները։
«Վերջին տարիների մասշտաբային ներդրումները վկայում են Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն ունեցող պետության հանդեպ միջազգային գործընկերների աճող վստահության մասին»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի փոխանցմամբ՝ երկրի նորարարական զարգացման ռազմավարությունն ուղղված է կայուն տնտեսական աճի ապահովմանն ու գլոբալ տեխնոլոգիական գործընթացներին ինտեգրմանը։
«Մեր նպատակն է արժանի տեղ զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային քարտեզի վրա»,- նշել է նա։
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին հրավերի համար և ընդգծել, որ «Իննոպրոմը» մնում է արդյունաբերական լուծումների ցուցադրման, փորձի փոխանակման և գործարար կապերի զարգացման խոշորագույն միջազգային հարթակներից մեկը։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ համաշխարհային արդյունաբերությունը խորը տրանսֆորմացիա է ապրում, որտեղ առանցքային դերակատարում ունեն թվայնացումը, արհեստական բանականությունն ու տվյալների վերլուծությունը։
Անդրադառնալով Հայաստանին՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել էր 4,7%-ով, իսկ 2026 թվականի առաջին չորս ամիսներին՝ 13%-ով՝ տարեկան կտրվածքով։ Նա նաև հավելել է, որ վերջին ինը տարիների ընթացքում մշակող արդյունաբերության արտադրության ծավալը կրկնապատկվել է։
Վարչապետի խոսքով՝ երկրում ակտիվորեն զարգանում են միկրոէլեկտրոնիկան, բիոֆարմացևտիկան և ռոբոտատեխնիկան, իսկ արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններից է մնում գիտատար արտադրությունների ստեղծումը՝ թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության ներդրման հաշվին։ Դա, ըստ նրա, թույլ կտա բարձրացնել ոլորտի ներդրումային գրավչությունը, արագացնել տեխնոլոգիաների տրանսֆերը և ավելացնել բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկումը։
Փաշինյանը նաև կարևորել է արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ ընդգծելով, որ հայկական ձեռնարկություններն արդեն իսկ մասնակցում են ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերին։
Ամփոփելով ելույթը՝ վարչապետը հայտարարել է, որ տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդուն։
«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա միօրինակ աշխատանքից (ռուտինայից)՝ դրանով իսկ նոր հորիզոններ բացելով մտավոր և ստեղծագործական գործունեության համար»,- ասել է նա։
«Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվում է Եկատերինբուրգում՝ հուլիսի 6-9-ը։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել է 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել է 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Կարդացեք նաև
Ծաղիկները սպասում են ընտրություններին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







