Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության սահմանափակումների պատճառով տուժած բիզնեսին աջակցելու ծրագրերի նախապատրաստման մասին։ Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում նա հայտնել է նաև դեպի նոր շուկաներ հայկական վարդերի և բանջարեղենի առաջին մատակարարումների մասին։
Փաշինյանը խոստացել է, որ կառավարությունը կսուբսիդավորի այն բիզնեսը, որն, իր գնահատմամբ, բախվել է «անհիմն ներկայացված» խախտումների։ Նա հավելել է, որ իշխանություններն արդեն հանդիպումներ են ունեցել գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ և ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ։
«Մենք այդ գործարարներին (ում ապրանքն ունի որակի խնդիր-AT խմբ․) աջակցելու ենք, որպեսզի նրանք իրենց ապրանքները բերեն նոր ստանդարտների։ Մյուսների դեպքում, երբ կա անարդարություն, մենք աջակցության ծրագրեր կանենք, որպեսզի այն, ինչ պետք է արտահանվեր ու չի արտահանվել, սուբսիդավորման ծրագիր կիրականացնենք, որպեսզի տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը CivilNet-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ կառավարության է ներկայացրել աջակցության ծրագիր, որը հայ ձեռնարկատերերին թույլ կտա արտադրանքն արտահանել Եվրոպական միության շուկա՝ Հունաստանից մինչև Գերմանիա։ Պապոյանը ԵՄ արտահանումը ռեալիստական էր որակել, քանի որ հայկական արտադրանքը, օրինակ՝ մրգերն ու բանջարեղենը, ունեն Global Gap սերտիֆիկատ, ինչը Եվրոպայում կիրառվող որակի ամենաբարձր հավաստագրերից է։
Պապոյանը նաև նշել էր փոխհատուցման սուբսիդիաների չափերը, որոնք հաշվարկված են ըստ յուրաքանչյուր ապրանքային ուղղության. մինչև տարեվերջ ծաղիկների համար այն կկազմի 5,5 միլիոն, լոլիկի համար՝ 3,4 միլիոն, իսկ պղպեղի համար՝ նույնպես 3,5 միլիոն դոլար։
Փաշինյանի խոսքով՝ իրացման շուկաների որոնման և ընդլայնման ուղղությամբ ներկայումս աշխատում է մի քանի գործարար պատվիրակություն։ Թե կոնկրետ ո՞ր երկրների մասին է խոսքը, վարչապետը չի հստակեցրել։ «Երբ տեղ հասնեն, այն ժամանակ կասեմ, թե կոնկրետ որ երկրներ են գնացել»,- պարզաբանել է նա։
Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հայ արտադրողները կկարողանան իրացնել ամբողջ արտադրանքը, և իշխանություններին կհաջողվի արտահանումը կազմակերպել այլընտրանքային ուղղություններով։
«Արդեն իսկ արտահանվում է այլ ուղղություններով։ Եվ ոչ միայն Եվրոպական միություն»,- ընդգծել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը վստահեցրել է նաև, որ ընտրություններից հետո աշխատանքներ կտարվեն ԵԱՏՄ անդամ-երկրների հետ առաջացած հարցերը լուծելու համար։
«Որպես Եվրասիական տնտեսական միության մարմինների անդամ՝ ընտրություններից հետո կվերադառնանք և կլուծենք բոլոր ընթացիկ հարցերը։ Սակայն, անկախ ամենից, վարելու ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն և դիվերսիֆիկացնելու ենք մեր շուկաները»,- նշել է Փաշինյանը։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։






































