Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից արտահանվող սերմապտուղների, կարտոֆիլի, սմբուկի և չրերի համար, տեղեկանում ենք ծառայության կայքից։
«Ռոսսելխոզնադզորը» նաև արգելել է այդ ապրանքախմբերի տարանցումը դեպի ԵԱՏՄ երկրներ՝ նշելով, որ բացակայում են արտադրանքների ստացումը հաստատող կարանտինային վերահսկողության ենթակա վերահսկողության մեխանիզմները։ Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև արտահանվող ապրանքների անվտանգության ապահովման մեխանիզմի մշակումը։
Ծառայությունը նաև քննադատել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը՝ ընդգծելով, որ գերատեսչությունը «բախվում է համակարգային խնդիրների և չի կարողանում պատշաճ իրականացնել գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության գործառույթները»։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։ Ավելի ուշ սահմանափակումներ էին կիրառվել ՀՀ-ից բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման վրա։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։
Կարդացեք նաև՝
Փաշինյանը սուբսիդիաներ է խոստացել ՌԴ սահմանափակումներից տուժած բիզնեսին