«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի Հայաստանից բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման վրա, հայտարարել է գերատեսչությունը։
«Հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ կկիրառվեն Հայաստանից ծագող և առաքվող կորիզավոր մրգերի (ԵԱՏՄ ԱԱ 0809 կոդից՝ բալ, ծիրան, սալորաչիր, դեղձ և նեկտարին) և թարմ խաղողի (ԵԱՏՄ ԱԱ 0806 կոդից) ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ «Ռոսսելխոզնադզորը» գրանցել է հայկական մրգերի Ռուսաստան մատակարարման խախտումների աճող դեպքեր։
««Ռոսսելխոզնադզորը» բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային ապրանքների նույնականացման հետ կապված կարանտինային ապրանքների մատակարարման խախտումների վերաբերյալ»,- հավելել են կառույցից։
Ըստ գերատեսչության՝ հայտնաբերումների թվի աճը վկայում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին, որի լիազորությունները կառուցվածքային բարեփոխումների արդյունքում փոխանցվել էին Էկոնոմիկայի նախարարությանը։ Նշվում է, որ վերջերս Հայաստանից ներմուծվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին և կարելի է ենթադրել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել Գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված պարտականությունները։
«Ռոսսելխոզնադզորը» նաև հավելել է, որ ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։
Ավելի վաղ Ռուսաստանը կասեցրել էր հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը, բացառությամբ՝ տեսչական ստուգումն անցած երկու ձեռնարկության։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։



































