Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հասել է իր ուզածին, և Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն ամբողջովին կորցնում է իր նշանակությունը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք հասել ենք մեր ուզածին։ Արատավոր Մինսկի խումբն արդեն վերջին օրերն է ապրում։ Փաստացի, այն չէր գործում և չէր էլ կարող գործել։ Բայց իրավական տեսանկյունից դեռ գոյություն ուներ, հիմա դրան էլ է վերջ դրվում»,- հայտարարել է Ալիևն օկուպացված Արցախի տարածքում ելույթ ունենալիս:
Միևնույն ժամանակ, Ալիևը պնդել է, որ հենց Բաքուն է խաղաղության պայմանագրի հեղինակը և, հետևաբար, դրա դրույթների պատրաստման ընթացքում, «առաջին հերթին, հաշվի է առնվել Ադրբեջանի դիրքորոշումը»:
Ալիևը նաև ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ապահովվել է Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջևանի հետ։
Հայաստանի վարչապետն օգոստոսի 18-ի ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Հայաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ-ին տեղեկացրել էր Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։ Նախարարները Վաշինգտոնում օգոստոսի 9-ին ստորագրել էին ԵԱՀԿ ՄԽ-ի և դրա հետ կապված կառույցների փակման վերաբերյալ դիմումը՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






