ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուբլինում քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը, տրանսպորտային կապերի զարգացումը և խաղաղությանն ուղղված քայլերը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Իռլանդիայի մայրաքաղաքում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում։
Քննարկումներն ընդգրկել են տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացումը, տնտեսական ու առևտրային հարաբերությունները, սահմանների սահմանազատումը և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումները։
Այս համատեքստում Փաշինյանն ու Ալիևն անդրադարձել են TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի զարգացման ընթացքին, մասնավորապես՝ երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորմանն ու նախագծմանը, ինչպես նաև երթուղով տարանցիկ փոխադրումների հեռանկարներին։
ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը դրական են գնահատել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Կառավարության տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 105 հազար տոննա բեռ։
Կողմերը քննարկել են խաղաղության օրակարգի առաջմղման հնարավորությունները՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքների և ստորագրված համատեղ հռչակագրի վրա։
Փաշինյանն ու Ալիևը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։
Փաշինյանը և Ալիևը նախորդ անգամ հանդիպել էին օգոստոսի 31-ին՝ Բիշքեկում։ Կողմերը քննարկել էին խաղաղության գործընթացը, TRIPP նախագծի իրականացման հետագա քայլերը, սահմանազատման աշխատանքները և տնտեսական համագործակցության ընդլայնումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







