Օգոստոսի 13-ին զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան վարույթով մեկ անձ է կալանավորվել՝ նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու կասկածանքով, տեղեկանում ենք Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանի հայտարարությունից։
Ավդալյանը մանրամասնել է, որ կալանավորված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար, երբ արարքը կատարվել է հրամանատարի կողմից ստորադասի նկատմամբ՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։ Հանցագործության համար նախատեսված առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է։
Զինծառայողի մահվան մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր օգոստոսի 13-ին, նույն օրը ՔԿ-ն տեղեկացրել էր դեպքի առնչությամբ վարույթ հարուցելու մասին։ Դեպքից հետո ԶԼՄ-ները գրել էին, որ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
Հունվարին հայտնաբերվել էին զինծառայող Վահան Պետրոսյանի, փետրվարին՝ Դավիթ Մանուկյանի և Նարեկ Հակոբյանի դիերը, իսկ հուլիսին հայտնաբերվել էր զինծառայող Արամայիս Գևորգյանի դին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







