Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք հիվանդությունից և հիվանդանալու պարագայում էլ հնարավորություն ունենանք բժշկական օգնություն տրամադրել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխելու անհրաժեշտությանը։
Նա հայտնեց, որ այս պահին կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկում է տասը բժշկական կենտրոն։
Անդրադառնալով Արսեն Թորոսյանի կառավարման ժամանակ կորոնավիրուսի հարցում ԱՆ ոչ ճիշտ քաղաքականություն վարելու մեղադրանքին՝ նա արձագանքեց․ «Կարծում եմ՝ և՛ ՀՀ կառավարությունը, և՛ Առողջապահության նախարարությունը ժամանակին ու տվյալ պահին եղած մասնագիտական, գիտական մոտեցումներին համահունչ իրականացրել է իր քաղաքականությունը։ Մեկ տարվա ընթացքում այդքան մահճակալ ծավալելը բարդ գործ է»։
Հարցին՝ ՀՀ-ում բրիտանական շտամի ու հարավաֆրիկյան շտամի վերաբերյալ հետազոտություն արվո՞ւմ է, թե՞ ոչ ու արդյոք կա՞ն վարակված մարդիկ՝ նա նշեց, որ շտամի հայտնաբերման համար լրացուցիչ հետազոտություններ պետք է անել։
«Այո, մենք նախորդ ժամանակահատվածում մի քանի խմբաքանակների սեգմենտավորում ենք իրականացրել․ Հայաստանում նման շտամներ չեն հայտնաբերվել։ Այս պահին աշխատանքներ ենք տանում համապատասխան սարքավորումների ավելացման ուղղությամբ, որպեսզի կարողանանք ավելի մեծ սեգմենտավորում իրականացնել»,-ասաց նա։
Անդրադառնալով պատվաստումների հետ կապված գործընթացին՝ Ա․ Ավանեսյանը նշեց․
«Այս պահին մոտ 300 անձ է պատվաստվել, որոնք դեռևս միայն բուժաշխատողներն են»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







