Սեպտեմբերի 21-ին մեկնարկող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը սեպտեմբերի 12-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մեկնումից առաջ հրահանգավորել է զորավարժությանը ներգրավված զինծառայողներին, տվել համապատասխան հանձնարարականներ։
Նշենք՝ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին կմասնակցեն ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները։
Խոսնակը նշել է, որ հայ զինծառայողները կգործեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում(Հայաստան) և «Աշուլուկում» (Աստրախանի մարզ):
Զորավարժություններին մասնակցելու համար Ռուսաստանը զինծառայողներ է հրավիրել Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից, Ադրբեջանից և Իրանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի «Կովկաս-2020» զորավարժություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







