Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:10

«Անցնող շաբաթը». Armenia Today-ի ամփոփումը

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ

Այս շաբաթ սկսեցին լայնորեն քննարկվել ԲՀԿ-ի «հանրահավաքային կրքերը»։ Իշխանություններն ու իշխանամետները թերահավատորեն են վերաբերում ձեռնարկված քաղաքական ակցիաներին։ ԲՀԿ-ում էլ համոզված են՝ «տարբեր ուժեր կգան, կգնան. ԲՀԿ-ն միշտ մնալու է»: Նրանք նաև հերքեցին տարբեր ուժերի կողմից իրենց ուղղորդելու վերաբերյալ հայտարարությունները։ Իսկ ընդհանուր առմամբ՝ լայն քաղաքական դիսկուրսում քննարկվում է այն նեղ հարցը, թե որքա՞ն մարդ կմասնակցի հանրահավաքներին։

Շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները. հերթականը ֆիքսեց ռուսական լրատվամիջոցներից մեկի տեսախցիկը։ Անդրադառնալով 2018-ի իշխանափոխության պատճառներին՝ նախկին Նախագահը նշեց, որ այդ ժամանակաշրջանի իշխանությունները հոգնել էին կառավարումից և չէին հասցրել իրենց գործիքակազմը ադապտացնել ցանցային իրողություններին և տեղեկատվական դաշտի ապակենտրոնացմանը։ Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում էլ Երկրորդ նախագահը խիստ քննադատեց Թուրքիայի չափից շատ ակտիվությունը, անհամեմատելի համարեց 2016 թ․ Ապրիլյան պատերազմի և այս տարվա հուլիսյան սահմանային սրացումները։

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, այլ կփոխարինվի կարանտինով։ Համապատասխան նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, որին դեմ հանդես եկան «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։ Ընդդիմադիրների հիմնական փաստարկն այն էր, որ, երբ արտակարգ դրության ռեժիմից անցում է արվում կարանտինի, մյուս երկրները մտավախություն կունենան Հայաստանի հետ սահմանները բացելու հարցում: Իշխանականներն էլ նշեցին, որ արտասահմանյան երկրներում այդքան էլ միամիտ չեն և որևէ երկրի հետ սահմանների բացելուց առաջ ուսումնասիրում են տվյալ երկրի համաճարակային իրավիճակը։ «Կարող ենք «կարանտին» բառը փոխարինել «հրաշք» բառով. ձեր կարծիքով բա՞ն է փոխվելու». հեգնեցին իմքայլականները։

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արտաքին քաղաքականության ասպարեզում այս շաբաթ առաջնահերթ էին ռուս-հայկական համագործակցության և ղարաբաղյան կարգավորման հիմնահարցերը։ Հիմնական ֆիգուրը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր։ Արժանահիշատակ է նրա ելույթը Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստում․ «Ցավոք սրտի, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետևանք է»։

Վերդառնալով Հայաստան՝ Տոնոյանը Դիլիջանում հանդիպեց ՌԴ պաշտպանության փոխնախարար Անդրեյ Կարտապոլովի հետ։ Միով բանիվ՝ այս ամենը վկայում է ռազմական համագործակցության ասպարեզում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման մասին։

Ղարաբաղյան հակամարտության հետ կապված մի շարք լուրջ հայտարարություններ եղան Արցախից։ ԱՀ ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ բանակցությունների սեղանին ներկայումս որևէ փաստաթուղթ չկա։ Իրավիճակի փակուղայնությունն ավելի ընդգծեց Արայիկ Հարությունյանը, ով առաջարկեց պատրաստվել պատերազմի, քանի որ բանակցություններ չեն լինելու։ Նա հավելել է նաև, որ սկսված են Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրման աշխատանքները։

Կարծես թե այլ են տրամադրությունները Հայաստանում. համենայնդեպս, այդպես է երևում Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությունից, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանցի իր գործըներոջ հետ։ Նման հույսերը ի չիք դարձան Դավիթ Տոնոյանի խոսքից, ով հենց սկզբից կասկածի տակ էր դրել, որ Հասանովը կցանկանա հանդիպել իր հետ։

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ


Շաբաթը բարի չէր տնական պատրաստության օղու սիրահարների համար։
Պարզվեց, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում թունավորման 46 դեպքեր գրանցվեցին, որից 17-ը մահվան ելքով։ Կատարվածը հանկարծակիի բերեց ոլորտի կարգավորմամբ զբաղվող մասնագետներին, քանի որ Հայաստանում երբեք թունավորումից այսքան մարդ միանգամից չէր մահացել։ Սակայն կարծես թե այս զարգացումները միայն թունավորմամբ չսահմանափակվեն, քանի որ դեպքի հետ կապված քրեական գործով հիմնական մեղադրյալն արդեն երրորդ կորոնավիրուսի թեստն է հանձնում, որի պատասխանից էլ կախված է նրա կալանավորումը։

Իրենց հետագա ճակատագրի համար շարունակում են անհանգիստ մնալ ՌԴ մեկնել ցանկացողները։ Նրանք ցույցեր կազմակերպեցին մի շարք պետական գերատեսչությունների մոտ։ Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ չի կարող խոստում տալ, թե շուտով բացվելու է սահմանը, քանի որ դեռևս որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Ավելի հուսադրող էր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը։ Վերջինս նշեց, որ հնարավոր է՝ մեկ ամսվա ընթացքում համաձայնության գան ՌԴ-ի հետ, սակայն վրացական կողմի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը վերականգնելու խոստում չտվեց։

ԻՐԱՎԱԿԱՆ

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ սկսված դատական նիստերն արդեն մեկ որոշակի ելք ունեն. այն է՝ «դատական նիստը հետաձգվել է»։

Պատկան մարմինները, կարծես թե, շատ խիստ են հետամուտ՝ ապամոնտաժելու նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի ափի առանձնատունը։ Այս շաբաթ ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ: Ապամոնտաժման սկսման հետ կապված ուրախությամբ հայտարարում են Ջրային կոմիտեից, իսկ Գասպարյանի փաստաբանը նշում է, որ նման բան չկա՝ «դժվար մեկը գա, քանդի»։

Այս շաբաթ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանները «հարձակման էին անցել»։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրներն օգոստոսի 30-ին խոչընդոտել էին ՃՈ 2 տեսուչների աշխատանքը, ապա բռնություն գործադրել վերջիններիս նկատամամբ։ Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Եղբայրներից ավագը կալանավորվել է, մյուսի կալանավորման միջնորդությունը՝ մերժվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+