Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում պատասխանել է 2018-ի գարնանը Հայաստանում իշխանափոխության պատճառների մասին հարցին:
«Ակնհայտ էր, որ կառավարման հոգնածություն էր, եղել է պոպուլիստական ալիքի ակնհայտ միտում, որը այդ տարիներին ամբողջ Եվրոպայում էր. դա կապված է սոցիալական ցանցերի զարգացման, տեղեկատվական դաշտի ապակենտրոնացման հետ, և իշխանությունը չէր հասցնում իր քաղաքական գործիքներն այս իրավիճակին ադապտացնել։ Թվացյալ տեղեկատվական քաոսը, այնուամենայնիվ, որոշակի ազդեցության և կառավարման բանաձևեր ունի, և այն ուժերը, որոնք օգտվել են այս իրավիճակից, բավականին լավ են կառավարել այդ թվացյալ տեղեկատվական քաոսը», — ասել է Քոչարյանը՝ գործոնների թվում նշելով նաև ճիշտ կիրառված տեխնոլոգիաները։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ եթե չլիներ որևէ հող, հիասթափություն, ապա այդ տեխնոլոգիան չէր աշխատի։
Քոչարյանը խոսեց նաև իր քաղաքական գործունեության մասին. «Այսօր մենք քաղաքական պայքարի շատ լուրջ գործիք ենք ստեղծել։ Ստեղծվել է լավ ֆունկցիոնալ թիմ, որը բավականին լավ ներկայացված է մեդիա դաշտում, ինտերնետային ռեսուրսներում, լավ ներկայացված է սոցցանցերում, այսինքն՝ առանց դրանց քաղաքական պայքարը ժամանակակից պայմաններում անհնար է։ Դրա համար մեկուկես-երկու տարի է պահանջվել», — հայտարարել է Քոչարյանը։
Միևնույն ժամանակ նա չի համաձայնել այն պնդման հետ, թե Հայաստանում ընդդիմությունը վերահսկում է բոլոր լրատվամիջոցները։ «Դա ակնհայտորեն ճիշտ չէ, բայց փորձագիտական հանրության առումով, անկասկած, գերակշռում է ընդդիմությունը»,- հայտարարել է նախկին նախագահը: Քոչարյանի խոսքով՝ Հայաստանում հասարակության մտավոր հատվածը պառակտված է և երկրի մտավոր ներուժը հիմնականում կենտրոնացած է խորհրդարանից դուրս։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



