ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք բերված թվով 21 գծային տեսակի շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները և դրանք հագեցնելու նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումները և պարագաները նվիրաբերել ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները և շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները և պարագաները ՀՀ մարզային բժշկական կազմակերպությունների շտապ բժշկական օգնության ծառայությունների բարելավման նպատակով՝ բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու և սպասարկելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։
Առաջնային համարելով մասնավորապես՝ ՀՀ մարզերում շտապ օգնության ծառայության համաչափ զարգացումը, հիմք ընդունելով նաև կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում, Առողջապահության նախարարությունը իր առաջնահերթ խնդիրներից է համարում ՀՀ մարզերում գործող շտապ օգնության ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը, մարզային ազգաբնակչության համար շտապօգնության ծառայության մատչելիության ապահովումը և հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունները տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովումը։
Նշված նպատակով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք են բերվել թվով 21 Ուազ տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով։
Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է հիմքում ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։
Մեքենաները մարզային բժշկական կազմակերություններին բաշխվելու են հետևյալ կերպ.
- Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
- Վայոց ձորի մարզ, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
- Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
- Արագածոտնի մարզ, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
- Լոռու մարզ` «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
- Շիրակի մարզ` «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
- Գեղարքունիքի մարզ` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
- Սյունիքի մարզ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Կապանի բժշկականկենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
- Տավուշի մարզ` «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` 1 հատ, «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







