Հայաստանի Հանրապետությունում զինված ուժերի իմիջը և ԶՈՒ նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը, սերը և գնահատանքը գտնվում են հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեծագույն խնդիրը՝ ԶՈՒ-ում ծառայության իմիջը ԶՈՒ իմիջին հավասարեցնելը կամ առնվազն էականորեն մոտեցնելն է: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք սկսել ենք այդ գործընթացը և պետք է արձանագրենք հետևյալը. զինվորականությունը մշտապես իր աշխատանքային կյանքում, իր սոցիալական երաշխիքների համակարգում պետք է փոփոխություն զգա: Հայաստանի Հանրապետությունում՝ ինչպես բոլոր քաղաքացիները, բայց առավելևս՝ զինվորականները պետք է լավ ապրեն, որովհետև նրանք ՀՀ ինքնիշխանության, պետականության ողնաշարն են: Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը, հանրությունը, ժողովուրդը պետք է հոգ տանեն սրա մասին, որովհետև ԶՈՒ և զինվորականության ինքնազգացողությունն ամենակարևոր հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում կա բավարար կամք, ներուժ, ընկալում՝ այս խնդիրը և սրանից բխող մյուս խնդիրները լուծելու համար:
«Պարոն Դավթյան, շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի համար: Ինձ հաճելի և հետաքրքիր է եղել Ձեզ հետ աշխատելը: Պարոն Գասպարյան, շնորհավորում եմ Ձեզ այս նշանակման առիթով և մաղթում եմ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի»,- ասել է վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







