Անցնող շաբաթը, ինչպես արդեն սովորական է դարձել, անցել է կորոնավիրուսային համաճարակի վերաբերյալ գլխագրերով՝ աղմկոտ ու ոչ այնքան ներքաղաքական իրադարձությունների համակցմամբ։
Շաբաթը սկսվեց այն լուրով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին վարչապետը հայտնեց իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին։ Ընդ որում, նա խոստովանեց, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ինքը չի հետեւել բոլոր կանոններին եւ կոչ արեց ֆլեշմոբ սկսել հակահամաճարակային կանոնների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողության համար՝ իրեն ուղարկել խախտման դեպքերի վերաբերյալ փաստացի նյութեր։ Վարչապետն այդուհետ սկսեց այդ նյութերը տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։
Վրաստանը կրկին անդրադարձավ Հայաստանում տիրող ծանր իրավիճակին և պատրաստակամություն հայտնեց օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Շաբաթ օրը Վրաստանից Հայաստան ուղարկվեց արհեստական շնչառության 10 ապարատ՝ որպես մարդասիրական օգնություն COVID-19-ի դեմ պայքարում։
Այսօրվա դրությամբ վարակվածների թիվը գերազանցել է 13 հազարը, իսկ մահվան դեպքերն արդեն 200-ն են։ Վարչապետ Փաշինյանը ճգնաժամային իրավիճակը «դժոխային» է անվանել («դժոխքի միջով ենք անցնում») և հայտնել, որ արդեն կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման խնդիր կա։
Կառավարությունում շարունակվում է պաշտոնանկությունների շարքը։ Հերթականը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հեռանալն էր, ում փորձագետները համարում էին Փաշինյանի կառավարության ուժեղագույն կադրերից մեկը։ Պաշտոնաթողության առանցքային պատճառներից են համարում եկամտահարկի դրույքաչափերի համահարթեցման հետ անհամաձայնությունը, Ֆինանսների նախարարության հետ հակասությունները (այդ թվում ՝ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում), դեպի Ռուսաստան մաքսանենգ ապրանքների ուղարկման փաստերը (իշխանության ներկայացուցիչներին վերագրվող) եւ, իհարկե, ընդհանուր վատթարացող իրավիճակում Կառավարության ճակատագիրը կիսելու դժկամությունը: ՊԵԿ նոր նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը:
Իր հերթին կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ՊԵԿ-ում փոփոխություններ կլինեն և հույս հայտնեց, որ Դավիթ Անանյանի պաշտոնավարման ընթացքում արձանագրված բովանդակային փոփոխությունները հետագայում ավելի խորը և համապարփակ կդառնան:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը հունիսի 4-ին ավարտեց իր աշխատանքը։ Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն անցնում է եզրակացության պատրաստմանը։ Ուշագրավ է Քոչարյանի հայտարարությունը՝ ի պատասխան ապրիլյան պատերազմի օրերին ԶՈՒ-երում իբր վառելանյութի և սպառազինության հետ կապված խնդիրների մասին հարցին. «Պաշտպանության բանակը դիրքերում սպառազինության, վառելիքի եւ սննդի հետ կապված խնդիրներ չի ունեցել»: Այս պատասխանը կարծես թե վերջակետ է դնում այս հարցի շուրջ բոլոր քննարկումներին և մանիպուլյացիաներին: Հիշեցնենք, որ հենց սպառազինության, վառելիքի և սննդի պակասի մասին էր 2016-2018 թվականներին ամեն հարմար առիթի դեպքում բարձրաձայն պնդում այն ժամանակվա ընդդիմությունը, որն այժմ իշխող ուժ է դարձել։
Վերջին շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ ընդդիմադիրների մեծ մասը արմատականորեն են տրամադրված իշխանությունների դեմ։ Նրանց մեծ մասը բացահայտ կերպով մեղադրեցին Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու, դրա նկատամամբ վերհսկողության կորստի ու իրավիճակը համարժեք չգնահատելու մեջ։ Եթե մինչ այդ միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր բացահայտ մեղադրում իշխանություններին համաճարակի դեմ պայքարը տապալելու մեջ, ավելի ճիշտ՝ նրա քննադատական ելույթների սկիզբը իր և Սասուն Միքայելյանի քաշքշուկն էր, ապա արդեն այս շաբաթվա վերջին ակտիվացավ Արթուր Վանեցյանը, ով հանդես եկավ իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտարարություններով։ Վանեցյանը կոչ արեց խորհրդարանական հանձնաժողով ստեղծել՝ իշխանությունների գործողությունները հետաքննելու համար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արագ արձագանքեց Ծառուկյանի հայտարարություններին ՝ նշելով, որ Ծառուկյանն ուղղակի մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային։
ՀՀ ԱԺ-ն ընդունեց հանրաքվեի չեղարկման մասին օրենքը: Ըստ օրենքի ՝ ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու պատճառով չեղյալ հայտարարված հանրաքվեն անցկացվում է ֆորսմաժորային հանգամանքների անհետացումից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո երկրի նախագահը եռօրյա ժամկետում նշանակում է չեղյալ հայտարարված հանրաքվեի գործընթացն սկսելու օրը։
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանում գործող ավիաընկերություններին ներառել է ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում։ Մասնավորապես, ԵՄ ցուցակում ընդգրկված են Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball ավիաընկերությունները: ԵՄ-ի կողմից այդ որոշման վերանայման հարցը կարող է քննարկվել 2022 թվականի նոյեմբերին։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանին հանձնարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում երկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների ծրագիրը։
Այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի Կալաշնիկով ինքնաձիգի արտադրության գործարան։ Կալաշնիկովի ինքնաձիգի (АК-103) հավաքումը Հայաստանում կսկսվի հուլիսին, արտադրության լիցենզիան նախատեսված է 10 տարվա համար, արտադրության ծավալը կկազմի տարեկան մինչեւ 50.000 արտադրանք:
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն ներկայացրել է համաճարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի տնտեսական հետեւանքների տվյալները: Այսպես, 4 ամսվա ընթացքում աշխատանքը կորցրել է մոտ 12 հազար մարդ, բայց շատ ավելի մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր աշխատում են, բայց փաստացի զրկված են աշխատավարձից։
Հայաստանի երրորդ նախագահի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել է արդեն ութերորդ հոլովակը՝ նոր մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի իշխանությունների հասցեին։ Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևից պահանջել է «ժամանակավոր հրադադար», որպեսզի շարունակի Հայաստանում իշխանության զավթումը և «զիջի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







