2019 թվականը բյուջետային առումով պատմական տարի էր Հայաստանի Հանրապետության համար: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին, նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նիստին մասնակցում է հեռահար:
Վարչապետը հայտնեց, որ ՀՀ կառավարությանը հաջողվել է 104 մլրդ հարկային եկամուտներ գեներացնել, այդ գումարից 62 մլրդ դրամը դարձավ պետբյուջեի եկամուտներ, 42 մլրդ դրամի չափով պատք է վերադարձվեց ԱԱՀ-ին, որը ձևավորվել էր մինչև 2017-ի հունվարի 1-ը:
«2019-ին արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախատեպ 7.6 տոկոս տնտեսական աճ, ունեցել ենք հարկեր-ՀՆԱ-ի 22.35 տոկոս ցուցանիշ, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին կատարած աշխատանքի համար և հայտնեց, որ ՊԵԿ-ում և համակարգում նոր փոփոխություններ են լինելու։
Վարչապետի խոսքով՝ իրենց կառավարությունը պատմական ժամանակաշրջանում է կառավարում. 2018-ը պատմական էր հեղափոխության առումով, խորհրդարանական ընտրություններով, 2019-ն պատմական էր տնտեսական զարգացման ցուցանիշներով, 2020-ը պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով:
«Պարզ է, որ մենք այս տարի որոշակի տնտեսական խնդիրներ ունենալու ենք, բայց խորհուրդ կտայի առայժմ հետևություններ չանել, թե ինչպիսին կլինի 2020 թվականը, քանի կորոնավիրուսի ժամանակաշրջանը նոր է սկսվել, անհայտ է, թե դեռ ինչքան կտևի և արդյունքներն ու կորուստներն ամփոփելու համար դեռ վաղ է»,- ընդգծեց Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



