Երևանում ոստիկանները ձերբակալել են 25 և 34 տարեկան երկու տղամարդու՝ փոստային ծառայություններ մատուցող ընկերության մասնաճյուղից զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը գողանալու կասկածով, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 14-ին՝ ժամը 3։30-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել Շիրակի փողոցում գտնվող մասնաճյուղում կատարված գողության մասին։
Դեպքի վայրում պարեկները նկատել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը փորձել է փախչել։ Հետապնդման ընթացքում ուղևորը մեքենայից մետաղադրամներ, դիմակ և ձեռնոցներ է նետել։
Ոստիկանության տեղեկություններով՝ մեքենան մտել է փակուղի, բախվել կայանված ավտոմեքենաներին և կանգ առել։ Վարորդն ու ուղևորը փորձել են ոտքով փախչել, սակայն պարեկները ձերբակալել են նրանց։
ՆԳՆ-ի տվյալներով՝ տղամարդիկ վնասել են մասնաճյուղի դուռը, ներս մտել և գողացել զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը՝ պատճառելով շուրջ 200 հազար դրամի վնաս։
Ոստիկանությունը հայտնել է, որ 25-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բժշկական դիմակ, այլ պարագաներ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Հայտնաբերված զանգվածի բաղադրությունը չի հստակեցվել։
Երկու տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։




