ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմսթրոնգ Չանգսանի հետ քննարկել է առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարները, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հնդկաստանի իրավական փորձին՝ սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների հարցում, ինչպես նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագծին։
Վարդևանյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-հնդկական հարաբերությունների խորացմանը։
ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ 2027 թվականին լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ Նրա գնահատմամբ՝ երկու երկրների միջև հատկապես տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ կա։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։ Նա անդրադարձել է երկու երկրների ռազմավարական գործընկերությանը և ընդգծել խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցության զարգացման կարևորությունը։
Չանգսանը հայտնել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև զարգացել է հատկապես պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է նաև երկու ժողովուրդների պատմական և բարեկամական հարաբերությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







