Քննչական կոմիտեն (ՔԿ) մանրամասներ է հայտնել «Ավետարանական հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի գործից և տեղեկացրել նախաքննության ավարտի մասին։
Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ըստ քննության՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Արգամ Աբրահամյանը, պատվիրել է Վլասյանի սպանությունը, որը կատարվել է 2023 թվականի ապրիլի 30-ին։ Աբրահամյանին օգոստոսի 9-ին երկու ամսով կալանավորել էին պատվերով սպանության գործով։
ՔԿ-ի տվյալներով՝ սպանության ենթադրյալ կատարողի՝ Գ.Հ.-ի կալանավորումից կարճ ժամանակ անց նրա ընտանիքի ֆինանսական դրությունն էականորեն բարելավվել է։ Ընտանիքը ձեռք է բերել երեք թանկարժեք տրանսպորտային միջոց, թեև ընտանիքի կերակրողը գտնվել է կալանքի տակ, իսկ մյուս անդամները գրեթե եկամուտ չեն ունեցել։
Սպանության ենթադրյալ կատարողին մեղադրանք էր ներկայացվել սպանության և հրազենի ապօրինի շրջանառության համար։ Նրա վերաբերյալ վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել 2024 թվականի ապրիլին։
Սեպտեմբերի 24-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Աբրահամյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







