Հայկական ծագումով ամերիկացի շախմատիստ Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Բուդապեշտում անցկացվող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի մեկնարկային բլից մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Բլից մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 10-ին։ Իննը տուրի արդյունքներով Արոնյանը հավաքել է 6 միավոր։ Հաղթող է դարձել նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 7 միավորով, երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 6,5 միավորով։
Եզրափակիչ տուրում Արոնյանը սևերով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիին և ապահովել երրորդ տեղը։ Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը հավաքել է 4,5 միավոր և կիսել 11–13-րդ տեղերը։ Բլիցի արդյունքներով որոշվում են տեղերը խմբային փուլում՝ միավորների հավասարության դեպքում, և մրցաշարային ցանցի տեղաբաշխումը։
Նոյեմբերի 11-ին մասնակիցները սկսել են խմբային փուլը՝ «Fast Classic» ձևաչափով. դա արագացված դասական շախմատ է՝ մեկ պարտիայի համար 45 րոպե և յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելում։ Առաջին տուրը մեկնարկել է Երևանի ժամանակով 18:00-ին։
Ըստ ՖԻԴԵ-ի՝ Խմբային փուլին մասնակցում են 24 շախմատիստ, որոնք բաժանված են վեց հոգանոց չորս խմբերի։ Արոնյանը հանդես է գալիս Ա, Մարտիրոսյանը՝ Գ խմբում։ Առաջին օրը Արոնյանը հաղթանակներ է փոխանակել նիդեռլանդացի Յորդեն վան Ֆորեստի հետ, իսկ Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։ Երկուսն էլ հավաքել են 3-ական միավոր. այս փուլում հաղթանակը 3 միավոր է, ոչ-ոքին՝ 1։
Խմբերում յուրաքանչյուր շախմատիստ յուրաքանչյուրի հետ խաղում է երկու պարտիայից բաղկացած մրցախաղ՝ փոխելով գույները։ Գլխավոր տիտղոսի համար պլեյ-օֆում պայքարը կշարունակեն խմբերի չորս հաղթողները։ Մնացած մասնակիցները 5-ից 24-րդ տեղերը կխաղարկեն առանձին ցանցերում։
Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարը նոյեմբերի 10-ից 20-ը անցկացվում է Բուդապեշտի Anantara New York Palace հյուրանոցում։ Այն միավորում է բլիցը, արագ շախմատը և արագացված դասականը։ Կազմակերպում է Norway Chess-ը ՖԻԴԵ-ի հավանությամբ։ Փորձնական մրցաշարը թույլ կտա ստուգել ձևաչափը՝ նախքան 2027 թվականին լիարժեք մրցաշարի մեկնարկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







