Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 10-ին Կոմիտասի պողոտայում սկսել է մայթերին տեղադրված կրպակների ապամոնտաժումը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12–13-ին, քաղաքապետարանը կրպակներ էր ապամոնտաժել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում։ Աշխատանքներն ուղեկցվել էին կրպակատերերի և ընդդիմադիր պատգամավորների բողոքի ակցիաներով։
Armenia Today-ի հետ զրուցած քաղաքացիները դժգոհել են, որ կորցնում են իրենց ապրուստի միջոցը, իսկ իրենցից մեկի խոսքով՝ փոխհատուցում կամ այլ վայրում աշխատելու հնարավորություն չի առաջարկվել։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը լրագրողներին հայտնել է, որ ապամոնտաժվում է 14 կրպակ, որոնց վարձակալության ժամկետը լրացել է։ Նրա պնդմամբ՝ դրանք որևէ մեկի սեփականությունը չեն և կառուցվել են տարիներ առաջ՝ առանց սեփականության վկայականների։
Վարոսյանի խոսքով՝ աշխատանքներն իրականացվում են մայթերի հիմնանորոգման և կանաչապատման ծրագրի շրջանակում։ Նա նաև պնդել է, որ ինքն ու քաղաքապետարանի այլ աշխատակիցներ ամիսներ առաջ հանդիպել են կրպակները շահագործող քաղաքացիներին և տեղեկացրել ապամոնտաժման մասին։
Վարոսյանը լրատվամիջոցներին նաև հայտնել էր, որ այլ տարածք տրամադրելու շուրջ առևտրականների հետ բանակցություններ չեն վարել։
Մինչդեռ կրպակն իրենց անձնական գույքը համարող զրուցակիցներից մի կին Armenia Today-ին ասել է, որ ապամոնտաժման մասին իմացել են երեք օր առաջ։ Նրա խոսքով՝ ընտանիքն ութ տարի այդտեղ բանջարեղեն է վաճառել, և դա իրենց ապրուստի միջոցն էր։
«Հլը չենք իմանում։ Նստել ենք շիվարած»,- ասել է կինը՝ պատասխանելով հարցին, թե այժմ ինչ աշխատանքով են զբաղվելու։
Նա դժգոհել է, որ կրպակը քանդելուց առաջ իրենց այլ վայրում աշխատելու հնարավորություն չեն առաջարկել։ Կնոջ կարծիքով՝ նախ պետք էր մարդկանց տեղավորելու հարցը լուծել, ապա սկսել ապամոնտաժումը։
Մեկ այլ աշխատակցուհի հայտնել է, որ ապամոնտաժման մասին նախապես զգուշացրել են, իսկ կրպակներն ազատելու ժամկետը երկարացրել են տասը օրով։ Նա ընդգծել է, որ մեկ կրպակից երեք ընտանիք էր ապրում, և դժգոհել, որ ձմռան շեմին մարդիկ զրկվում են եկամտից։
Մեկ այլ զրուցակից, որը նույնպես ներկայացել է որպես կրպակի սեփականատեր, հայտնել է, որ իրեն տեղեկացրել են տասը օր առաջ՝ պատճառաբանելով Կոմիտասի պողոտայի բարեկարգումը։ Նա ասել է, որ փոխհատուցում չի ստացել, և այլ տարածք իրեն չեն առաջարկել։
Սեփականատերը դժգոհել է նաև, որ թեև այլ երկրների քաղաքներում կրպակներ շարունակում են գործել, իրենց դեպքում դրանք հեռացվում են։
Ապամոնտաժման վայրում քաղաքացիների կարծիքները տարբեր էին։ Անցորդներից մեկը համարել է, որ կրպակները հեռացնելուց հետո տարածքն ավելի բարեկարգ տեսք կունենա։ Մյուսները, սակայն, շեշտել են այնտեղ աշխատող մարդկանց սոցիալական խնդիրները։
Աշխատանքների ընթացքում վնասվել է ջրատար խողովակ։ Armenia Today-ի թղթակիցը նկարահանել է վնասված հատվածից ճնշմամբ դուրս հորդող ջուրը։
Արաբկիրում կրպակների ապամոնտաժումը նոր գործընթաց չէ։ Դեռևս 2019 թվականից քաղաքապետարանն ու վարչական շրջանի ղեկավարությունը սկսել են հեռացնել կրպակները, մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայում։ Դրանց թվում են նաև 1990-ականներին տեղադրված կրպակները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







