ՄԱԿ-ում Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և անդամ պետությունների կառավարություններին կոչ է արել չաջակցել Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ նրան մեղադրելով Հայոց ցեղասպանության ժխտման և քաղաքական անաչառության պահանջներին չհամապատասխանելու մեջ։
Խորհրդի հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է լինի կազմակերպության կանոնադրության անաչառ պահապանը և զանգվածային վայրագությունների դեմ պայքարի առաջատար ձայնը։ Հայ դատի գնահատմամբ՝ Սինիրլիօղլուի գործունեությունը չի համապատասխանում այդ պահանջներին։
Խորհուրդը հիշեցրել է, որ Սինիրլիօղլուն, 2020 թվականի հոկտեմբերի 16-ին զբաղեցնելով ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, գլխավոր քարտուղարին ուղղված նամակում պնդել էր, թե 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չէին և շարունակում են մնալ «օրինական բանավեճի» առարկա։
Հայտարարության հեղինակները նշել են, որ նամակն ուղարկվել էր Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման ընթացքում։ Դրանում Սինիրլիօղլուն «անհիմն» էր որակել հակամարտության գոտում օտարերկրյա մարտիկների ներկայության մասին տեղեկությունները և հայկական սփյուռքի կազմակերպություններին մեղադրել «բարեգործության քողի ներքո» մարտիկներ տեղափոխելու մեջ։ Հայ դատը շեշտել է, որ այդ մեղադրանքները ներկայացվել էին առանց ապացույցների։
Խորհուրդը նաև հիշեցրել է, որ Սինիրլիօղլուն 2010 թվականին, զբաղեցնելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, Վաշինգտոնում աշխատել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը վերահաստատող բանաձևի ընդունման դեմ։ Հայ դատի գնահատմամբ՝ նա ներգրավված էր նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի խոչընդոտման մեջ։
Հայտարարությունում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի հուլիսին Սինիրլիօղլուի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ունեցած զրույցին։ Խորհրդի պնդմամբ՝ նա, կարծելով, թե խոսում է Հայաստանի վարչապետի հետ, ասել էր, որ «կուսումնասիրի», թե ինչպես կարող է ԵԱՀԿ-ն աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելուն։ Հայ դատի ԿԽ-ն ընդգծել է, որ մարդու իրավունքների և կրոնական ազատության հարցերով չորս միջազգային կազմակերպություններ դատապարտել էին այդ խոսքերը։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը կասկածի տակ է դրել նաև Սինիրլիօղլուի քաղաքական անկախությունը՝ նրան համարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ վստահելի անձ։ Խորհուրդը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածը գլխավոր քարտուղարից պահանջում է անկախություն կառավարությունների ցուցումներից։
Հայտարարության համաձայն՝ Թուրքիայի ներգրավվածությունը Կիպրոսի, Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ գործընթացներում կարող է հարցեր առաջացնել Սինիրլիօղլուի անաչառության վերաբերյալ։
Խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, հատկապես մշտական անդամներին, կոչ է արել չաջակցել նրա թեկնածությանը ոչ պաշտոնական քվեարկությունների և պաշտոնական առաջադրման ընթացքում։
Հայ դատը նաև ՄԱԿ-ի անդամ պետություններին հորդորել է գլխավոր քարտուղարի ընտրության ժամանակ առաջնահերթ համարել ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրվածությունն ու քաղաքական անկախությունը։
Սինիրլիօղլուին խորհուրդը կոչ է արել հրապարակավ պարզաբանել՝ արդյոք շարունակում է պաշտպանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր 2020 թվականի նամակի պնդումները և հետ է վերցրել Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելուն աջակցելու մասին իր խոսքերը։
Հայտարարության հեղինակները նաև աշխարհասփյուռ հայությանը և հայ ժողովրդի բարեկամներին կոչ են արել դիմել իրենց երկրների կառավարություններին ու ընտրված ներկայացուցիչներին։
Թուրքիան հոկտեմբերի 30-ին պաշտոնապես առաջադրել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սինիրլիօղլուն նոյեմբերի 6-ին մասնակցել է գլխավոր քարտուղարի թեկնածուների հետ ինտերակտիվ քննարկմանը։ Նոր գլխավոր քարտուղարին նշանակում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Անվտանգության խորհրդի առաջարկությամբ։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







