Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն նոյեմբերի 9-ին հայտարարել է, որ հոկտեմբերի 11–12-ի գիշերը սուպերմարկետների սառնարանային համակարգերի դեմ կիբեռհարձակում է իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Փարիզի դատախազության տվյալներով՝ հարձակումը վնասել է շուրջ 700 խանութի, սննդամթերք է փչացել, տեղի է ունեցել մոտ 20 հրդեհ, իսկ կորուստները գնահատվում են տասնյակ միլիոնավոր եվրո։ Նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել Իրանի դեսպանը, իսկ Փարիզը կպահանջի ԵՄ պատժամիջոցներ և չի բացառում պատասխան այլ քայլեր։
Դատախազությունը հայտնել է, որ հարձակումն իրականացրել է ԻՀՊԿ-ի հետ կապված Shahid Kaveh կիբերստորաբաժանումը, և միջազգային որոնման հրաման է պահանջել նրա ղեկավարի ու երկու տեղակալների նկատմամբ։ Reuters-ի տվյալներով՝ ամռանը Իրանը ձերբակալել և հետո արտաքսել էր Ֆրանսիայի երկու դիվանագետի, իսկ Ֆրանսիան պատասխանել էր Իրանի դիվանագետների արտաքսմամբ։
Նոյեմբերի 2-ին նմանատիպ խնդիրներ են արձանագրվել Եվրոպայի մի քանի երկրների սուպերմարկետներում։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը Reuters-ի հարցմանը չի պատասխանել, իսկ Իրանը սովորաբար հերքում է կիբերհարձակումներին իր մասնակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







