Եվրոպացի առաջնորդներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցներում փորձում են համոզել նրան, որ չպետք է համաձայնել Ռուսաստանի պահանջներին՝ առանց ԱՄՆ-ի կողմից անվտանգության ապահովման ամուր պարտավորությունների, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Երկու եվրոպացի դիվանագետի խոսքով, որոնք ծանոթ են քննարկումների ընթացքին, եվրոպացի առաջնորդներն իրենց ուկրաինացի գործընկերներին խորհուրդ են տվել ամրապնդել ԱՄՆ-ի դերը Կիևի անվտանգության երաշխիքներում՝ նախքան Ռուսաստանի պահանջներն ընդունելը»,- ասված է հրապարակման մեջ:
Դա հնչել է Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցի ժամանակ։
Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ Մակրոնն ասել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է հստակ ազդանշան հաղորդել՝ ԱՄՆ-ն պետք է ձևակերպի, թե ինչպես է պաշտպանելու Ուկրաինային՝ նախքան Կիևը կհամաձայնի գործարքի վերջնական պայմաններին:
Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: Թրամփը հանդիպման մասին խոսելիս ասել էր, որ Մոսկվայում ամերիկյան պատվիրակության բանակցություններն ուկրաինական կարգավորման շուրջ լավ են անցել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







