Ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան կողմի որոշ առաջարկներ, որոնք տեղ են գտել ավելի վաղ Մոսկվային փոխանցված փաստաթղթերում, արժանացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությանը, սակայն ինչ-որ բանի հետ նա համաձայնել է, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք չենք քննարկել կոնկրետ ձևակերպումներ, կոնկրետ ամերիկյան առաջարկներ, այլ քննարկել ենք այն, ինչ դրված է այդ փաստաթղթերում։ Ինչ-որ բանի հետ կարող էինք համաձայնել, և նախագահը դա հաստատել է իր զրուցակիցներին, ինչ-որ բան մեզ մոտ քննադատություն է առաջացրել, և նախագահը նույնպես չի թաքցրել մեր քննադատական և նույնիսկ բացասական վերաբերմունքը մի շարք առաջարկների նկատմամբ»,- ասել է Ուշակովը լրագրողներին Կրեմլում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո, որոնք տևել են գրեթե հինգ ժամ։
Նրա ներկայացմամբ՝ խոսքն «այն նախագծերի, այն փաստաթղթերի բովանդակության մասին է, որոնք ամերիկացիները որոշ ժամանակ առաջ փոխանցել են Մոսկվային»: Կրեմլում կայացած հանդիպմանը բանակցությունների մասնակիցներն «ուսումնասիրել են այդ փաստաթղթերը»:
Ընդ որում՝ Ուշակովը նշել է. «Գլխավորն այն է, որ տեղի է ունեցել բավական օգտակար քննարկում»:
«Կողմերը հայտարարել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը:
Նա նշել է, որ կողմերը չեն կարողացել փոխզիջման գալ ամենաբարդ հարցերից մեկի՝ տարածքային վեճերի շուրջ։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, Կրեմլում դեկտեմբերի 2-ին մասնակցել էին բանակցություններին ռուսական կողմի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար շաբաթներ տևած ինտենսիվ դիվանագիտությունից հետո: Ամերիկյան թիմը Մոսկվայից հեռանալուց ի վեր մեկնաբանություններ չի տվել:
Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում:




































