ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինի դատական հայց ներկայացնել Բրիտանական հեռարձակման կորպորացիայի՝ BBC-ի դեմ, քանի որ լրատվամիջոցը խմբագրել է իր ելույթը և սխալ ներկայացրել այն: Այս մասին նա հաղորդել է Fox News-ի հետ հարցազրույցում։
«Ամենայն հավանականությամբ, ստիպված եմ դա անել։ Ինչո՞ւ ոչ: Նրանք մոլորեցրել են հանրությանը և խոստովանել: Կարծում եմ՝ պարտավոր եմ դա անել»,- ասել է Թրամփը և հավելել, որ BBC-ի կողմից իր ելույթը խմբագրելն «արդարացի չէր»։
Նախկինում The Daily Mail-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահն սպառնացել էր ընկերությանը մեկ միլիարդ դոլարի հայցով, եթե նրանք մինչև նոյեմբերի 14-ը չհեռացնեին իր խմբագրված ելույթը պարունակող հաղորդումը: Խոսքը Panorama ծրագրի «Թրամփ: Երկրորդ հնարավորությո՞ւն» փաստավավերագրական ֆիլմի մասին է, որը հեռարձակվել էր 2024 թվականի հոկտեմբերին։
BBC-ի գլխավոր տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարները հրաժարվել էին իրենց պաշտոններից Թրամփի ելույթի խմբագրման սկանդալի հետևանքով։
Սկանդալը ծագել էր The Telegraph-ի հրապարակումից հետո, որտեղ նշվել էր, որ փաստավավերագրական ֆիլմում խմբագրվել է Թրամփի ելույթը, որը նա ունեցել էր 2021 թվականի հունվարին՝ Կապիտոլիումի գրավման օրը:



































