Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին կոչ է արել նույն կարեկցանքը ցուցաբերել Գազայի մարդասիրական ճգնաժամի նկատմամբ, ինչպիսին նա ցուցաբերել է Ուկրաինայի պատերազմից տուժած երեխաների հանդեպ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նամակում Էրդողանի կինը գովաբանել է Թրամփի նախկին ջանքերն ուկրաինացի երեխաների համար՝ այն նկարագրելով որպես «նախաձեռնություն, որը հույս է ներշնչում սրտերում»։ Նա Մելանյային կոչ է արել այդ պաշտպանությունը տարածել նաև պաղեստինցի երեխաների վրա՝ ասելով, որ Գազան դարձել է «մանկական գերեզմանատուն», որտեղ գրեթե ամեն ժամ մեկ երեխա է սպանվում։
Էմինեն նաև ԱՄՆ առաջին տիկնոջն առաջարկել է նամակ ուղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ կոչ անելով վերջ դնել այն ամենին, ինչը նա նկարագրել է որպես «մեր ժամանակների ամենացավոտ ցեղասպանություն»:
Գազայում պատերազմն սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները: Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին։
Գազայի իշխանություններն օգոստոսի 18-ին հայտարարել էին, որ մարդասիրական օգնությունը չի բավականացնում։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նեթանյահուն բանակցություններ է վարում պաղեստինցիներին Գազայից Հարավային Սուդան վերաբնակեցման հնարավորության շուրջ:





































