Գազայի հատվածում մարդասիրական օգնությունը չի բավականացնում, հայտարարել են տեղի իշխանությունները, չնայած նրան, որ Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումների մասնակի վերսկսումը թույլատրում է։ Իսրայելը թույլատրել է Գազայի հատված մուտք գործել 1937 բեռնատարի՝ անհրաժեշտ 13 000-ի փոխարեն, որը բավարարում է բնակչության մարդասիրական օգնության կարիքների ոչ ավելի, քան 15%-ը, գրում է РИА Новости-ն։
«22 օրվա ընթացքում (հուլիսի 27-ին մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսման սկզբից մինչև օգոստոսի 17-ը) Գազայի հատված է մուտք գործել 1937 բեռնատար, մինչդեռ բնակչության մարդասիրական օգնության նվազագույն կարիքները բավարարելու համար նախատեսված բեռնատարների մոտավոր թիվը կազմում է 13 200»,- ասվում է հայտարարության մեջ։
Գազայի իշխանությունների գնահատականների համաձայն՝ օրական միջինում Գազայի հատված է մատակարարվել մարդասիրական օգնության անհրաժեշտ ծավալի ոչ ավելի, քան 15%-ը, մինչդեռ, նրանց պնդմամբ, մատակարարումների մեծ մասը թալանվել է իսրայելցի զինվորականների թողտվությամբ։ Նրանց տվյալներով՝ ամեն օր մոտ 600 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատար պետք է թույլատրվի մուտք գործել Գազայի հատված՝ բնակիչների սննդի, առաջին անհրաժեշտության իրերի, վառելիքի և դեղորայքի նվազագույն կարիքները բավարարելու համար։
Մատակարարումների մասնակի վերսկսումից հետո Գազայի վարչակազմը բազմիցս մեղադրել է Իսրայելին մարդասիրական օգնության բաշխումը խափանելու փորձերի համար։ Գազայի իշխանությունները հայտարարում են, որ Իսրայելը դիտավորյալ և համակարգված «քաոս է սերմանում» բնակչության շրջանում մարդասիրական օգնության բաշխման գործում։
Կիրակի օրը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ սննդի մատակարարման ճգնաժամի պայմաններում թերսնման պատճառով մահացածների ընդհանուր թիվը հասել է 258-ի, այդ թվում՝ 110 երեխա։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է վարում պաղեստինցիներին Գազայից Հարավային Սուդան վերաբնակեցման հնարավորության շուրջ:
Գազայում պատերազմը սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին:





































