Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է վարում պաղեստինցիներին Գազայից Հարավային Սուդան վերաբնակեցման հնարավորության շուրջ:
Նա ասել է, որ Իսրայելը ցանկանում է իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի բնակչության մեծ մասին երկրից դուրս բերելու գաղափարը՝ այն անվանելով «կամավոր միգրացիա»։
Իսրայելը նմանատիպ վերաբնակեցման ծրագրեր է առաջարկել մի քանի աֆրիկյան երկրների։
«Կարծում եմ՝ ճիշտը, և նույնիսկ պատերազմի օրենքներին համապատասխան, ինչպես ես հասկանում եմ, բնակչությանը թողնելն է, որ հեռանան, ապա առավելագույն հարված հասցնել այնտեղ մնացած թշնամուն»,- երեքշաբթի օրը ասել է Նեթանյահուն։ Նա չի հիշատակել Հարավային Սուդանը։
Պաղեստինցիները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը և միջազգային հանրության մեծ մասը մերժել են առաջարկները՝ որպես հարկադիր տեղահանման ծրագիր, որը խախտում է միջազգային իրավունքը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ, մինչդեռ Հարավային Սուդանի արտաքին գործերի նախարարը չի պատասխանել բանակցությունների վերաբերյալ հարցերին։ Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ գործակալությունը չի մեկնաբանում մասնավոր դիվանագիտական զրույցները։
Իսրայելի նպատակը Գազայի հատվածի օկուպացիան չէ, այլ արմատական «ՀԱՄԱՍ» շարժումից պաղեստինյան անկլավն ազատագրելը, ավելի վաղ հայտարարել էր Նեթանյահուն։
Գազայի շարունակվող պատերազմը սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին:



































