Նիդերլանդները ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար և լավ է համարում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Եվրոպայի աջակցությամբ գագաթնաժողովի հեռանկարը, հայտարարել է վարչապետ Դիկ Շոֆը, գրում է РИА Новости-ն։
«Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելուն։ Հաճելի է տեսնել, որ այժմ կա ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Եվրոպայի աջակցությամբ գագաթնաժողովի հեռանկար»,- գրել է Շոֆը սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են ընթանալ միայն Ուկրաինայի մասնակցությամբ։
Ավելի վաղ ԵՄ 5 երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի և Լեհաստանի առաջնորդները, ինչպես նաև Միացյալ Թագավորության վարչապետը համատեղ հայտարարություն էին տարածել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում տեղի ունեցած հանդիպումից հետո։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ երկուշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու և քննարկելու պատերազմին վերաբերող հարցեր։
Օգոստոսի 15-ին Ալյասկայում մոտ 3 ժամ բանակցել էին Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել որոշ հարցերում առաջընթաց գրանցելու մասին:




































