Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում շուրջ 3 ժամ բանակցություններից հետո հայտարարել են, որ որոշ հարցերում առաջընթաց է գրանցվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկուսն էլ հանդիպումը որակել են արդյունավետ։
Ուրբաթ օրը հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ղեկավարները, սակայն, ասել են, որ որևէ գործարք այսօր չի լինի: Fox News-ի հետ հարցազրույցում Թրամփն ասել է, որ այժմ կարող է հանդիպում կազմակերպվել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև, որին նա նույնպես կարող է մասնակցել։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել։
Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է, որ Կիևը և նրա եվրոպական դաշնակիցները կառուցողական ընդունեն ԱՄՆ–Ռուսաստան բանակցությունների արդյունքները և չեն փորձի «խաթարել ծագող առաջընթացը»։ Նա հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը, որ պետք է վերացվի այն, ինչը հակամարտության արմատական պատճառն է, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարաժամկետ խաղաղության։
Թրամփն ակնարկել է, որ քննարկել են Ուկրաինայի համար հնարավոր տարածքային փոխանակումները և անվտանգության երաշխիքները։ «Կարծում եմ, որ դրանք կետեր են, որոնց շուրջ մենք բանակցեցինք և հիմնականում համաձայնել ենք, - ասել է նա՝ շարունակելով, - Կարծում եմ՝ բավականին մոտ ենք գործարքին: Ուկրաինան պետք է համաձայնի դրան։ Միգուցե ասեն՝ ոչ»։
Թրամփը հավելել է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի, ինչով սպառնացել էր մոտ 2 շաբաթ առաջ:
«Այսօրվա իրադարձությունների պատճառով կարծում եմ, որ դրա մասին պետք չէ հիմա մտածել», - ասել է նա:
Հաջորդը՝ Մոսկվայում
Թրամփը իր խոսքը եզրափակել է՝ Պուտինին դիմելով․ «Շատ շնորհակալ եմ, և մենք շուտով կրկին կխոսենք ու հավանաբար շուտով նորից կհանդիպենք»։
«Հաջորդ անգամ Մոսկվայում», - անգլերենով ժպտալով պատասխանել է Պուտինը։
Թրամփն էլ նշել է, որ դրա համար գուցե «քիչ քննադատություն ստանա», բայց «հնարավոր է դա տեղի ունենա»։
Սա երկու երկրների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր Թրամփի երկրորդ ընտրությունից հետո:






































