ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել և պատրաստակամություն հայտնել շարունակել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նա չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը, այլ լատինատառ նշել է Meds Yeghern (Մեծ Եղեռն-խմբ․)։
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք ենք մատուցում այն հրաշալի հոգիների հիշատակին, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի հետևանքով»,- ասվում է ուղերձում:
Ըստ նրա՝ ողբերգության լույսի ներքո ականատես են լինում հայ ժողովրդի ուժին և դիմացկունությանը:
«Մենք բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր և այդքան շատ բան են ներդրել մեր երկրում, այդ թվում՝ պարգևատրված զինվորներ, հայտնի արտիստներ, հայտնի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ»,- շեշտել է նախագահը:
Իր վարչակազմը շարունակում է հանձնառու մնալ կրոնական ազատության պաշտպանությանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը, նշել է ԱՄՆ ղեկավարը՝ հավելելով. «Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը և տարածաշրջանային կայունության պահպանմանը՝ շարունակելով ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշում է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։ Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում այս տարվա հունվարին ստորագրել էին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։