ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նախազգուշացրել է Իրանին աջակցելու վտանգների մասին և Պեկինից հավաստիացումներ ստացել, որ նման աջակցություն չի ցուցաբերվում, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Չինաստանում ԱՄՆ դեսպան Դևիդ Փերդյուին։
Փերդյուն CNBC-ին հայտնել է, որ Վաշինգտոնը Պեկինին ավելի վաղ ևս հասկացրել էր, որ Իրանին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը, այդ թվում՝ հետախուզական տվյալների, բաղադրիչների կամ ռազմական տեխնիկայի տրամադրումը, ԱՄՆ-ի համար «միանգամայն անընդունելի» է։ Նրա խոսքով՝ Թրամփը Ծինփինի հետ սեպտեմբերի 24-ի հանդիպման ժամանակ կրկին բարձրացրել էր այդ հարցը։
Fox News-ին տված հարցազրույցում Փերդյուն ասել է, որ Վաշինգտոնը Չինաստանից հավաստիացումներ է ստացել, որ Պեկինը չի աջակցում Իրանին։
«Մենք արդեն որոշակի տեղաշարժ ենք տեսել։ Դա է նրանց հանձնառությունը։ Երեկ նրանք մեզ հավաստիացրին, որ դա չեն անում»,- ասել է ԱՄՆ դեսպանը։
Միևնույն ժամանակ՝ Reuters-ին իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ չինացի պաշտոնյաները Թեհրանին հավաստիացրել են, որ Թրամփ-Սի հանդիպումից հետո Չինաստանն ԱՄՆ ճնշման ներքո չի սահմանափակի Իրանի հետ տնտեսական, քաղաքական կամ ռազմական հարաբերությունները։
Պեկինի հրապարակային հաղորդագրությունում Իրանի ռազմական աջակցության մասին չի նշվում։ Սին Թրամփի հետ բանակցությունների ժամանակ կոչ էր արել ԱՄՆ-ին և Իրանին վերադառնալ երկխոսության և բանակցությունների ուղի և հասնել համապարփակ համաձայնության, որը կներառի նաև միջուկային հարցը։
Reuters-ը հուլիսին հաղորդել էր, որ Իրանը կարող է Չինաստանից ստանալ մինչև 400 շարժական հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ։ Չինաստանի ԱԳՆ-ն այդ տեղեկություններն «ամբողջությամբ անհիմն» էր անվանել։
Թրամփն ու Սին հանդիպել էին սեպտեմբերի 24-ին Սպիտակ տանը՝ Չինաստանի նախագահի՝ ԱՄՆ պետական այցի շրջանակում։ Թրամփը հաջորդ օրը հաստատել էր, որ Սիի հետ քննարկել է նաև Իրանի շուրջ պատերազմը՝ մանրամասներ չհայտնելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







