ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Նրանք ուզում են խոսել, և ես համաձայնեցի, այնպես որ պատրաստվում եմ խոսել նրանց հետ։ Նրանք չափազանց երկար սպասեցին»,- ասել է Թրամփը The Atlantic-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ գործողության մեկնարկից հետո Իրանի ներկայիս ղեկավարությունը նախաձեռնություն է ցուցաբերել կապ հաստատելու համար։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել էին Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթերը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







