Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը։ Այս մասին երեկ գրել էին միջազգային լրատվամիջոցները, հաղորդել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկար:
Ավելի ուշ Mehr-ը գրել է, որ Խամենեին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով։ Fars-ը հավելել է, որ Խամենեին սպանվել է իր նստավայրում՝ աշխատավայրում։ Գործակալության փոխանցմամբ՝ նրան սպանել են փետրվարի 28-ի վաղ առավոտյան։
Իրանի կառավարությունը հայտարարել է 40-օրյա համազգային սուգ և յոթ օր համազգային ոչ աշխատանքային օրեր։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առաջնորդի մահից հետո հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն Իսլամական Հանրապետության զինված ուժերը և բասիջի հսկայական ժողովուրդը վճռականորեն կշարունակեն իրենց առաջնորդի ուղին, ամուր կդիմակայեն ներքին և արտաքին դավադրություններին և կպատժեն իսլամական հայրենիքի ինքնիշխանությունը խախտողներին։
«Այս մեծ հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա և նոր էջ կբացի իսլամական աշխարհի և շիա աշխարհի պատմության մեջ»,- ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ։
Fars գործակալությունը տեղեկացրել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողության հետևանքով Իրանում զոհվել են Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի դուստրը, փեսան, թոռը և հարսներից մեկը։ Fars-ը հավելել է, որ Խամենեիի հարսներից մեկը զոհվել է փետրվարի 28-ի առավոտյան հարձակման հետևանքով։
Խամենեիի մահվան հաստատման ֆոնին Իրանի քաղաքացիները շարժվել են մզկիթներից դեպի Թեհրանի համալսարան և Էնքելաբ հրապարակ։
ԶԼՄ-ները հայտնել են նաև, որ Իրանում ձևավորվել է ղեկավար խորհուրդ, որը կկատարի Գերագույն առաջնորդի գործառույթները՝ մինչև Խամենեիի իրավահաջորդի ընտրությունը: Նշվում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը, Գերագույն առաջնորդի մահից հետո ժամանակավորապես կղեկավարեն երկիրը:
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր Իրանի տարածքում «կանխարգելիչ» հարվածների մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին:



































