Ուկրաինան Նովգորոդի մարզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակումը միանգամից մի քանի ուղղությամբ է տեղի ունեցել, բոլոր անօդաչուները ոչնչացվել են, հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոմանենկովը, հաղորդում է Interfax-ը:
«Հակառակորդի կողմից հարվածը, ինչպես ցույց է տրված ներկայացված քարտեզում, իրականացվել է մի քանի ուղղությամբ դեպի Ռուսաստանի նախագահի նստավայր՝ Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի և Նովգորոդի մարզերի տարածքների վրա՝ 91 անօդաչու թռչող սարքի կիրառմամբ»,- հայտնել է Ռոմանենկովը՝ ցույց տալով քարտեզ, որտեղ նշված են ուկրաինական ԱԹՍ-ների խոցումները:
Ռոմանենկովի տվյալներով՝ Բրյանսկի մարզի տարածքում խոցվել է 49 անօդաչու թռչող սարք: Ռոմանենկովը նաև հայտարարել է, որ Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձը նպատակաուղղված էր և ծրագրված:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 29-ի գիշերն ուկրաինական կողմը, օգտագործելով 91 հեռահար անօդաչու թռչող սարք, փորձել էր հարվածել Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրին։





































