Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Կարապետյանը հռչակվել է չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Կարապետյանը սահմանել է երեք ռեկորդ․ 145 կգ պոկում վարժությունում, 176 կգ հրում վարժությունում և 321 կգ ընդհանուր երկամարտում։
Նույն քաշային կարգում Գրիգորյանը նվաճել է երեք արծաթե մեդալ՝ 143 կգ պոկում վարժությունում, 175 կգ հրում վարժությունում և 318 կգ ընդհանուր երկամարտում։
Երրորդ տեղն զբաղեցրել է թուրք Էնգին Կարան՝ 300 կգ (136 կգ + 164 կգ) արդյունքով։
Առաջնության երիտասարդների չեմպիոն էր հռչակվել Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։ Գառնիկ Չոլաքյանը (60 կգ) դարձել էր ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն, Սեյրան Խունադյանը (60 կգ) պոկում վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել։






































