Դավիթ Սիմոնյանը և Վաղարշակ Քեյանը բրոնզե մեդալներ են նվաճել Խորվաթիայի Պորեչ քաղաքում անցկացվող մինչև 23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այս երկու պարգևներով Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները մրցաշարում, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մինչև 90 կգ քաշային կարգում Սիմոնյանը երկու վաղաժամ հաղթանակ է տարել։ Նախ նա հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմեթ Ֆուրկան Կարադաղին, իսկ քառորդ եզրափակչում արդեն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել անգլիացի Էմանուել Ադեկալի Կարգբոյին՝ մինչև 19 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի գործող չեմպիոնին։ Նոյեմբերի 22-ին կայացած կիսաեզրափակչում Սիմոնյանը նոկաուտով պարտվել է ֆրանսիացի Ջունիոր Թադային։
Քեյանը (մինչև 55 կգ) մրցաշարն սկսել է շվեդ Ջոշուա Մուինդայի նկատմամբ հաղթանակով։ Քառորդ եզրափակչում լեհ Նիկոլաս Պավլիկի հետ մենամարտում բոլոր հինգ մրցավարները հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին։ Կիսաեզրափակչում Քեյանը մրցավարների ձայների բաժանված որոշմամբ (1։4) պարտվել է ուկրաինացի Բոգդան Չելդիկին։
Պորեչում անցկացվող առաջնությանը հայտավորվել է 39 երկրի 276 բռնցքամարտիկ։ Մրցաշարին մասնակցում են 2004–2007 թվականներին ծնված մարզիկները։ Եզրափակիչ մենամարտերը կկայանան նոյեմբերի 24-ին։
2025 թվականի նոյեմբերին Քեյանը ոսկե մեդալ էր նվաճել Երևանում անցկացված բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում։ Այն ժամանակ նա հանդես էր եկել մինչև 54 կգ քաշային կարգում և եզրափակչում հաղթել ռուսաստանցի Արսենի Ժիլցովին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







