Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցումային օրվա հաղթող է դարձել լեհ Միխալ Պոմորսկին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Երթուղին մեկնարկել է Գավառից՝ ձգվելով մինչև Մեծ Մասրիկ։ Մարզիկները հաղթահարել են 135 կմ երկարությամբ երթուղի՝ անցնելով Սևանի գեղատեսիլ ափերով և վայելելով Հայաստանի բնապատկերները։
Tour of Armenia մրցաշարի առաջին փուլի ավարտին Մեդվեյ Ֆլետչերը գրավել է 2-րդ հորիզոնականը` ճանաչվելով լավագույն երիտասարդ հեծանվորդ և արժանանալով սպիտակ շապիկին:
Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները կստանան Alé Cycling ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Առաջին մրցափուլում հաղթած հեծանվորդը կստանա ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված է հայկական Հավերժության նշանը, իսկ մեջքին՝ Հայաստանի ոճավորված քարտեզը։ Մեկնարկող 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։
Մրցաշարը կտևի չորս օր, որի ընթացքում մասնակիցները Հայաստանում կանցնեն ավելի քան 500 կմ ճանապարհ։ Մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը: Մրցաշարի ժամանակացույցը՝ սեպտեմբերի 10՝ Գավառ-Մեծ Մասրիկ, սեպտեմբերի 11՝ Կիրանց-Ստեփանավան, սեպտեմբերի 12՝ Մարտունի-Դիլիջան (Պարզ լիճ), սեպտեմբերի 13՝ Երևան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







