Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն առաջին անգամ կանցկացվի Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը, հայտնել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը։
Մրցավազքը տեղի կունենա Երևանում, ինչպես նաև Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերում։ Ակնկալվում է, որ կմասնակցի 6 մարզիկից կազմված մոտ 20 թիմ։
Չորրորդ օրը մրցավազքն ամբողջությամբ կանցկացվի Երևանում։ Երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 113 կմ, մասնակիցները պետք է 11,3 կմ-անոց հատվածը հաղթահարեն 10 անգամ։
Կառավարության տվյալներով՝ մրցավազքին կմասնակցի տարբեր երկրներից 18-20 թիմ, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Միացյալ Թագավորությունից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից և Գերմանիայից։ Հեծանվավազքին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Tour of Armenia-ն արդեն ներառվել է միջազգային օրացույցում և հաստատվել։ Նրա խոսքով՝ մրցաշարը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, ինչը պետք է նպաստի Հայաստանում հեծանվավազքի և հեծանվային տուրիզմի զարգացմանը։
Կառավարությունը նաև նշել է, որ մրցավազքի հյուրընկալումը պետք է բարձրացնի Հայաստանի միջազգային ճանաչելիությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







