Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ մարտի 6-ին, ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը:
Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:
Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է:
Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները
նահանջելու միտում ունեն և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ անձինք չկան:
Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կվերադառնան տուն:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







