Մեծ Բրիտանիայում թույլատրել են Ziihera դեղամիջոցի կիրառումը ստամոքսի և կերակրափողի միացման հատվածի քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար, հայտնել է երկրի Դեղերի և բժշկական արտադրանքի կարգավորման գործակալությունը (MHRA)։
914 պացիենտի մասնակցությամբ հետազոտության արդյունքներով՝ դեղամիջոցը քիմիաթերապիայի և մեկ այլ հակաքաղցկեղային դեղի հետ ստացած հիվանդները միջինում շուրջ 7 ամիս ավելի երկար են ապրել, իսկ հիվանդության վատթարացումը հետաձգվել է շուրջ 4 ամսով։
Դեղամիջոցը նախատեսված է HER2 սպիտակուցի բարձր մակարդակ ունեցող չափահաս պացիենտների համար, որոնց ուռուցքը հնարավոր չէ հեռացնել վիրահատությամբ կամ քաղցկեղն արդեն տարածվել է։
MHRA-ն ավելի վաղ Ziihera դեղամիջոցի կիրառումը թույլատրել էր լեղուղիների քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար։ Նոր որոշմամբ ընդլայնվել է դեղամիջոցի կիրառման շրջանակը՝ ներառելով նաև ստամոքսի և կերակրափողի միացման հատվածի քաղցկեղի որոշ տեսակները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







