ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2026 թվականին փորձել է համոզել Իրաքին և Վենեսուելային դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (OPEC), գրում է Reuters-ը՝ հղում անելով հարցին ծանոթ տասը աղբյուրի։
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը ձգտել է երկու երկրներում ավելացնել նավթի արդյունահանումն ու ներդրումները՝ առանց OPEC-ի սահմանած արդյունահանման սահմանափակումների։
ԱՄՆ-ն նաև խոչընդոտել է Վենեսուելայի՝ OPEC-ին տարեկան անդամավճարի փոխանցմանը։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը միջամտել է՝ համոզելով Վաշինգտոնին դադարեցնել Վենեսուելայի վրա ճնշումը։
Իրաքի կառավարությունում նույնպես քննարկվել է OPEC-ից դուրս գալու հարցը, սակայն երկրի նավթի նախարարությունն առաջարկել է պահպանել անդամակցությունը և պահանջել արդյունահանման ավելի բարձր քվոտա։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Իրաքի հետ քննարկումները վերաբերել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ոչ թե OPEC-ից դուրս գալուն։
OPEC-ը հիմնադրվել է 1960 թվականին Իրաքի, Իրանի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և Վենեսուելայի կողմից։ Կազմակերպության նպատակն անդամ երկրների նավթային քաղաքականության համակարգումն ու համաշխարհային շուկայում նավթի գների կայունության ապահովումն է։ Ներկայում OPEC-ն ունի 12 անդամ երկիր, իսկ OPEC+ ձևաչափով համագործակցում է նաև կազմակերպության անդամ չհանդիսացող նավթարդյունահանողների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



