ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրուց է ունեցել Վրաստանի գործընկերոջ հետ՝ հասկանալու կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախարար Արսեն Թորոսյանը։
«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում»,- գրել է Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշել է, որ Վրաստանի իր գործընկերոջ հավաստմամբ՝ կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակ և նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 26-ին, Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ Վարակվածը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը նախօրեին Վրաստան էր այցելել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Նա անմիջապես տեղափոխվել էր Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և որևէ մեկի հետ շփում չի ունեցել։
Նույն հիվանդանոցում բարձր ջերմությամբ 14 հիվանդ կա. նրանցից 11-ը Վրաստանի քաղաքացի են, մյուսները՝ Իրանի և Չինաստանի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







