ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը «Aysor.am» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է կորոնավիրուսի տարածումից հետո հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 24-ի դրությամբ, ըստ ԻԻՀ առողջապահության նախարարության տվյալների, Իրանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 61 դեպք՝ 14 մահվան ելքով»,-նշել է Արսեն Ավագյանը՝ հավելելով, որ համաձայն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության՝ դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները վերադառնալ Հայաստան, վարչության պետը նշել է. «Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև՝ երկքաղաքացիներ: Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







