Երբ Հայաստանում սկսեցին մահանալ կորոնավիրուսից, որոշ մարդիկ այդ մահերը վերցնում ու քաղաքական շահարկումների առարկա էին դարձնում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անկախ ամեն տեսակի շահարկումներից կառավարությունն իր առաջ դրված պայմանը պետք է իրականացնի լիարժեքորեն։ Նա նշեց, որ կորոնավիրուսային պատվաստման մակարդակը բարձրացնելու համար հարկավոր է օգտագործել անգամ վարչական լծակները։
«Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել, որ ոմանք խանգարում են պատվաստման գործընթացին»,- ասաց Փաշինյանը։ Նա հայտնեց, որ եթե կան հակապատվաստումային շարժումներ, ապա կան նաև այնպիսի ուժեր, որոնք հորդորում են պատվաստումը դարձնել վճարովի, քանի որ դեմ են դրա համար հարկեր վճարելուն։
«Ես ձեր առաջ խնդիր եմ դրել՝ գնացեք լուծեք, ինձ մի ասեք՝ ով խանգարեց, ով՝ չէ։ Մեզ ոչ ոք խանգարել չի կարող»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետական համակարգում չի լինելու չպատվաստված մարդ։
«Երեկ թիվ եք տվել, որ երեկ ընդամենը 6000 մարդ է պատվաստվել, ԱԱԾ-ին և Ոստիկանությանն եմ դիմում, ես չլսե՛մ կեղծ պատվաստումների մասին, եթե պետք է՝ ձերբակալեք և կալանավորեք»,- ասաց Փաշինյանն այն դեպքերի մասին, երբ բժիշկը կեղծ գրանցում է պատվաստում, իսկ պատվաստանյութը՝ փչացնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







