Բյուրեղավանում իրականացված խմելու ջրի և կենսանմուշների լավորատոր հետազոտությունների արդյունքում որևէ շեղում կամ վարակիչ հիվանդության հարուցիչ չի հայտնաբերվել, հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
Ըստ գերատեսչության՝ ջրի և կենսանմուշների հետազոտություններն իրականացվել են երկու փուլով։ Առաջին փուլում վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։
ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են, որ իրավիճակը գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո, իսկ կանխարգելիչ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։
«Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։ Մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 7-ին Բյուրեղավանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով 6 քաղաքացի էր բուժօգնության դիմել։ Դեպքից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը բնակիչներին հորդորել էր ժամանակավորապես չխմել ծորակի ջուրը և չօգտագործել այն սննդի պատրաստման համար՝ մինչև լրացուցիչ տեղեկությունների տրամադրում։
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին գրանցվել նաև հուլիսին, երբ բուժօգնության էր դիմել 60 քաղաքացի։ Այդ ժամանակ ջրի երկու նմուշում ընդհանուր կոլիֆորմ մանրէներ էին հայտնաբերվել։ Օգոստոսին Բյուրեղավանի տարբեր հատվածներից վերցված ջրի նմուշներում շեղումներ չէին հայտնաբերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







