Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված երկու փորձանմուշներում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կենտրոնից պարզաբանել են, որ ընդհանուր կոլիֆորմ մանրէները պատկանում են պայմանական ախտածին միկրոօրգանիզմների շարքին և կարող են վկայել խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակների առաջացմանը։
Գերատեսչության տվյալներով՝ այն երկու հասցեի բնակիչները, որտեղ շեղումներ են հայտնաբերվել, արդեն տեղեկացվել են։ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ համաճարակաբանական հետազոտության շրջանակում շարունակվում են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտությունները՝ հուլիսի 17-ին արձանագրված աղիքային վարակի բռնկումից հետո։
Այս պահի դրությամբ՝ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել։ Երկու պացիենտ շարունակում է բուժումը հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հիվանդներն ապաքինվել են և դուրս գրվել։
Կենտրոնում նշել են, որ շարունակում են իրավիճակի մոնիթորինգը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ հիվանդության նոր դեպքերը կանխելու համար։
Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը գրանցվել էին հուլիսի 16-ին։ Հուլիսի 20-ի դրությամբ՝ վարակվածների թիվը հասել էր 60-ի։



































