Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացության ցուցանիշը 2024 թվականին աճել է 19,4%-ով՝ հասնելով 1990 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, հայտնել է ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ հղում անելով Առողջապահության ազգային ինստիտուտի զեկույցին։
Նրա հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում արձանագրված աճն ավելի քան չորս անգամ գերազանցել է 2019-2024 թվականների միջին տարեկան աճի տեմպը, որը կազմել էր շուրջ 4,7%։
2024 թվականին Հայաստանում առաջնային չարորակ նորագոյացություն է ախտորոշվել 10 174 մարդու մոտ, երբ 2023 թվականին այդ ցուցանիշը 8327 էր։ Նոր հայտնաբերված դեպքերի թիվը մեկ տարում աճել է շուրջ 22%-ով։
Միաժամանակ, 100 000 բնակչի հաշվով առաջնային հիվանդացության ցուցանիշը 280,9-ից հասել է 335,4-ի՝ աճելով 19,4%-ով։ Հետմահու հայտնաբերված դեպքերն այս վիճակագրության մեջ ներառված չեն։
Վարդանյանը նշել է, որ 1990 թվականի համեմատ՝ նոր հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 5162-ից հասնելով 10 174-ի, իսկ 100 000 բնակչի հաշվով՝ հիվանդացության ցուցանիշն աճել է շուրջ 2,3 անգամ՝ 1451-ից հասնելով 3354-ի։
Զեկույցի տվյալներով՝ 2024 թվականին նոր դեպքերից 5487-ը գրանցվել է կանանց, 4687-ը՝ տղամարդկանց շրջանում։ Հիվանդների 5095-ը՝ շուրջ կեսը, 65 և բարձր տարիքի են։ Տարեվերջին Հայաստանում չարորակ նորագոյացություններով հաշվառված էր 70 961 պացիենտ, երբ 2023 թվականին այդ ցուցանիշը 63 386 էր։
Տղամարդկանց շրջանում առավել հաճախ առաջին անգամ ախտորոշվել է շնչափողի, բրոնխների և թոքերի չարորակ նորագոյացությունների 806 դեպք։ Հաջորդել է շագանակագեղձի 568 և միզապարկի քաղցկեղի 492 դեպք։ Կանանց շրջանում առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է՝ 1634 դեպք։
Հիվանդության փուլերի վերաբերյալ տվյալներ ունեցող 6826 նոր դեպքից 3304-ը՝ 48,4%-ը, ախտորոշվել է առաջին կամ երկրորդ փուլում, 1649-ը՝ 24,2%-ը՝ երրորդ, իսկ 1873-ը՝ 27,4%-ը՝ չորրորդ փուլում։ Բոլոր փուլերը ներառող հնգամյա ապրելիության ցուցանիշը կազմել է 57,5%։
Վարդանյանի խոսքով՝ վիճակագրական աճի վրա կարող են ազդել բնակչության ծերացումը, ախտորոշման մեթոդների կատարելագործումը, դեպքերի հաշվառման բարելավումը և հաշվառման մեթոդաբանության փոփոխությունները։
Նա ընդգծել է, որ 2024 թվականի ռեկորդային ցուցանիշը չի կարելի անտեսել, և այն ուշադրություն է պահանջում ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ հասարակության կողմից։
Վարդանյանը քաղցկեղի դեմ պայքարի կարևոր միջոցներ է համարել կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունները, վաղ ախտորոշումը, շրջակա միջավայրի բարելավումն ու ռիսկերի գրագետ կառավարումը։ Նա նաև հորդորել է պահպանել քաղաքների բնությունը և սակավաթիվ հասուն ծառերը։
Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում մահացել էր 25 564 մարդ՝ 2024 թվականի 25 435-ի դիմաց։ Մահերի ընդհանուր թիվն աճել է 129-ով կամ 0,5%-ով։
2025 թվականին նորագոյացություններից մահացել էր 5148 մարդ՝ 2024 թվականի 5257-ի դիմաց։ Մահվան դեպքերի թիվը նվազել է 109-ով կամ 2,1%-ով։ Նորագոյացություններին բաժին է ընկել երկրում գրանցված բոլոր մահերի 20,1%-ը՝ նախորդ տարվա 20,7%-ի դիմաց։ Դրանք մահվան պատճառների շարքում երկրորդ տեղում են՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո։
2026 թվականի հունվար-մարտին Հայաստանում մահացել էր 6574 մարդ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 7199-ի դիմաց։ Մահերի ընդհանուր թիվը նվազել է 625-ով կամ 8,7%-ով։
2026 թվականի առաջին եռամսյակում նորագոյացություններից մահացել էր 1347 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1285-ի դիմաց։ Աճը կազմել է 62 դեպք կամ 4,8%։ Նորագոյացությունների բաժինը մահերի ընդհանուր կառուցվածքում 17,8%-ից հասել է 20,5%-ի՝ աճելով 2,7%-ով։ Առաջին երեք ամիսներին միջինում օրական գրանցվել է նորագոյացություններից մահվան շուրջ 15 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







