«Մեր ձևով» շարժումը շարունակելու է պաշտպանել հայ եկեղեցուն, Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագից հետո լրագրողներին ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մեր ձևով միշտ պաշտպանելու ենք եկեղեցին»,- շեշտել է Կարապետյանը։
Նա նշել է, որ հայ ժողվուրդը չպաշտպանեց եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումները և հիմա եկեղեցու ներսից են փորձում ինչ-որ քայլեր ձեռնարկել։
«Հայ ժողովուրդը չպաշտպանեց եկեղեցու դեմ Փաշինյանի ակցիաները, և հայ ժողովուրդը կանգնեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կողքին։ Քանի որ չկարողացան եկեղեցու գործողությունները դրսից իրենց ուզած հանգուցալուծմանը բերել, եկան ներքին հանգուցալուծման»,- հավելել է նա։
Նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած պատարագին, որտեղ զեղչվեց կաթողիկոսի անունը, մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իշխանության այլ ներկայացուցիչներ։ Կաթողիկոսի անունը զեղչելուց հետո նրա անունը հիշատակած Հովհաննես Իշխանյանին և Հայկ Դոլունցին ոստիկանները հեռացրել էին եկեղեցուց։ Քաղաքացիները, այդ թվում՝ Կարապետյանը, պատարագին հնչեցրել էին կաթողիկոսի անունը։
Կարապետյանը, նկատի ունենալով իշխանություններին, նոյեմբերի 29-ին գրել էր, որ չի պատրաստվում «քաղաքական տուրիստների պատճառով հրաժարվել 15 տարի շարունակ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագին մասնակցելուց»։
Փաշինյանն ամիսներ է՝ պնդում է, որ կաթողիկոսը զավակ ունի և պետք է հեռանա Մայր Աթոռից։ Այս ամիսներին նա մասնակցում է այն հոգևորականների պատարագներին, ովքեր կարգալույծ են կամ եկեղեցու վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել։
Նոյեմբերի 27-ին նա հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի համար դատապարտող հայտարարությունը: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







