Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրան Օվանեսովի քույրն ու եղբայրները տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ), Aysor.am-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինն այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով:
Երեքամյա Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ին։ ՔԿ-ն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Նոյեմբերի 2-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ երեխայի մարմինը հայտնաբերվել էր Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ Տիգրանին հայրն է խեղդամահ արել։ Սարգսյանը մանրամասնել էր, որ նախնական տվյալներով՝ երեխան եղբոր հետ դուրս էր եկել տնից, հետո նրանք հորն էին հանդիպել, և վերջինս սպանել էր երեխային։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Տիգրանի սպանության դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ 14-20 տարի ժամկետով կամ ցմահ): Վերջինս 2 ամսով կալանավորվել էր:





































